Կառավարությունը հավանության է արժանացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի և փոփոխությունների փաթեթի նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից», որոնց կարևոր բաղադրիչ են ՄԿՈւ համակարգի զարգացումը և միջազգային չափանիշներին դրա համապատասխանեցումը:
Ըստ նախարարի՝ տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 տոկոսն է կարծում, որ գործնական հմտությունները համապատասխանում են հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ կրթության ռազմավարությունում թիրախ է սահմանվել շրջանավարտների 90 տոկոսի զբաղվածության ապահովումը:
«Գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` նրանց 78 տոկոսը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է վերջինիս գործնական կարողությունների պակասի հետ: Արդյունքում՝ երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա¢մ գերկրթված են, կա¢մ թերկրթված: ՄԿՈւ ոլորտում գործում են ավելի քան 100 պետական ուսումնական ուսհաստատություններ. արհեստագործական կրթական ծրագրերով՝ 6800, իսկ միջին կրթական ծրագրով՝ շուրջ 28400 սովորող: Սակայն այս համախառն ընդգրկվածության ցուցանիշները բավականին փոքր են՝ 6,2 տոկոս արհեստագործական, իսկ 13,9 տոկոս միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Սա այն պայմաններում, երբ իրական աշխատաշուկայի ավելի քան 70 տոկոսը ՄԿՈւ մասնագետների պակաս ունի: Աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արհեստագործական կրթություն պահանջող շատ աշխատանքներում ներգրավված են բարձրագույն կրթությամբ անձինք»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ էապես փոխվում է ՄԿՈՒ կրթության բովանդակությունը, թե՛ կրեդիտային համակարգի անցումը, թե՛ որակավորումներ ազգային և ոլորտային շրջանակների ներդնումը: Արմատապես վերանայվում է նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման համակարգը՝ ապահովելով ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն: Փոխվում են լիցենզավորման համակարգի պայմանները. լիցենզավորման առանձին գործընթացներ են նախատեսվում գործունեության իրականացման և այնուհետև՝ կրթական ծրագրերի համար, որը կօգնի բարձրացնել կրթական ծրագրերի որակը:
«Վերանայվում է նաև ՄԿՈՒ-ի ֆինանսավորման համակարգը. 90-ականներից ի վեր ֆինանսական նորմատիվները չեն փոխվել և չեն արտահայտում կրթության կազմակերպման իրական արժեքը: Ըստ այդմ՝ նպատակային ֆինանսավորման մեխանիզմներ են ներդրվում: Ներդրվում է նաև մանկավարժական անձնակազմի խրախուսման և մասնագիտական զարգացման ամբողջովին նոր համակարգ՝ կամավոր ատեստավորման և տարակարգի միջոցով, ինչպես դա իրականացվել է հանրակրթության ոլորտում: Կարգավորվել են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, ուսանողական ինքնակառավարման մարմինների գոյությունն ու գործունեությունը, ինչպես նաև ընդգծվել է ներառականությունը, որ կապահովի հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց՝ մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը փաստել է՝ փաթեթը միջազգային գործընկերների աջակցությամբ մշակվել է ավելի քանի երկու տարի և անցել մասնակցային քննարկումների շարք, որը կշարունակվի նաև Ազգային ժողովում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաթեթը Կառավարության ռազմավարությունից բխող հերթական որոշումն է: «Մենք պետք է մասնագիտական կրթության որակը բարձրացնենք՝ բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների և աշխատաշուկայի հետ ուղիղ և օրգանական կապի առումներով: Ակադեմիական քաղաքի ծրագրին զուգահեռ՝ մարզերում հատկապես պետք է էականորեն զարգացնենք քոլեջների ցանցը, որպեսզի մասնագիտական կրթության հասանելիության առումով խնդիրներ չունենանք: Մարզերի համաչափ զարգացում ասելով՝ պետք է նկատի ունենանք, որ մարդիկ նաև մարզում աշխատանք գտնելու, իսկ մարզերում գործող քոլեջներն աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու հնարավորություն ունենան»,-նշել է վարչապետը՝ կարևորելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածին ներգրավելու հարցը:
Կարծիքներ