Պետք է շնորհավորել Բարսելոնային, նա մրցակիցներին շանս չտվեց․ Ռիվալդո

Պետք է շնորհավորել Բարսելոնային, նա մրցակիցներին շանս չտվեց․ Ռիվալդո

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Իսպանիայի առաջնությունում կատալոնական թիմի հավանական հաղթանակի մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

««Բարսելոնան» շատ մոտ է իր վերջին տիտղոսից չորս տարի անց կրկին չեմպիոն դառնալուն: Նրանց պետք է գովաբանել այն կայունության համար, որը ստիպել է «Ռեալին» կենտրոնանալ այլ մրցաշարերի վրա:

Իսպանիայի չեմպիոն դառնալու համար պետք է ամեն գովեստից վեր խաղալ, քանի որ մրցակիցները շատ ուժեղ են։ Միայն ողջ մրցաշրջանի ընթացքում կայուն մարզավիճակ պահպանելով կարող եք հաջողության հասնել:

Իհարկե, մենք գիտենք, որ «Ռեալը» ինչ-որ պահի թուլացավ, բայց դա չի նշանակում, որ նրանք չէին ցանկանում չեմպիոն դառնալ։ Կառլո Անչելոտիի սաները պարզապես հասկացան, որ տիտղոսի համար պայքարելը չափազանց բարդ է լինելու, փոխարենը որոշեցին կենտրոնանալ Իսպանիայի գավաթի ու Չեմպիոնների լիգայի վրա։

Ակնհայտ է, որ Մադրիդն ավելի շատ էր ցանկանում հաղթել Լա Լիգան, քան Գավաթը, ուստի մենք պետք է շնորհավորենք «Բարսելոնային» այնքան ուժեղ լինելու համար, որ նրանք մրցակիցներին հնարավորություն չթողեցին»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Betfair-ը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում առաջատարը «Բարսելոնան» է՝ 33 խաղում ունենալով 82 միավոր։ Ամենամոտ հետապնդողները՝ Մադրիդի «Ատլետիկոն» և «Ռեալը», ունեն համապատասխանաբար 69 և 68 միավոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում