Համագործակցության հուշագիր՝ ուղղված մյուզիքլի ժանրի զարգացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սկայֆիստ ստուդիո» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Սկայֆիստ ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ կարևորելով մշակույթի ոլորտում պետություն-մասնավոր գործընկերային կապերի խորացումը, Հայաստանում թատերարվեստի, մասնավորաբար՝ երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) զարգացումը՝ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն Հայաստանում երաժշտական թատրոնի, մյուզիքլի ժանրի զարգացման և կայացման ուղղությամբ: Համագործակցությունը կնպաստի նաև բարձրակարգ, միջազգայնորեն մրցունակ գեղարվեստական արդյունքի ձևավորմանը, կիրականացվեն համատեղ ստեղծագործական, կրթական ու մշակութային նախագծեր՝ միջազգային ստեղծագործական կապերի ընդլայնման և խորացման նպատակով:
Ըստ հուշագրի՝ Հայաստանում մյուզիքլի ժանրի զարգացման նպատակով, կողմերը միջոցներ կձեռնարկեն համապատասխան ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ձևավորման ուղղությամբ: Կխթանեն թատերական կրթության համակարգում երաժշտական թատրոնի դերասանի մասնագիտական կատարելագործումը:
Նշենք, որ «Սկայֆիստ ստուդիո» ընկերությունը 2023 թ. ապրիլի 6-12-ը մարզահամերգային համալիրում իրականացրել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար «Սանսեթ բուլվար» մյուզիքլի ցուցադրությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս է հատնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունը կլինի արդյունավետ, և շնորհակալություն է հայտնել ընկերության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքների համար: «Շուրջ 5 տարիների աշխատանքի արդյունքում Դուք ցույց տվեցիք, որ հնարավոր է բեմադրել ժամանակակից մյուզիքլ. այն հանդիսատեսի կողմից սպասված է, և մարդիկ սիրով են հաճախում ներկայացումներին: Հույս ունեմ, որ մյուզիքլի ժանրի զարգացման ավելի ինստիտուցիոնալ համագործակցությունը կնպաստի հասնել ավելի լավ արդյունքի: Այս գործակցությունը մասնավորի հետ մեզ համար նաև շատ կարևոր փորձ կլինի, ինչը կարող է փոփոխություն բերել ոլորտում: Կա մտայնություն, որ մշակույթն ու արվեստը մասնավոր հատվածի հետաքրքրության շրջանակից դուրս են, որ դա գործունեության մի ոլորտ է, որտեղ անելիք ունեն միայն պետությունն ու անհատները»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ արդեն իսկ ներդրած ջանքերը երկուստեք կիրացվեն՝ նպաստելով ստեղծարար արդյունաբերության զարգացմանը:
«Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության հնարավորության համար: Նա հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ բոլոր ջանքերը կուղղվեն Հայաստանը տարածաշրջանում երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) կենտրոն դարձնելուն:
Կարծիքներ