Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (տեսանյութ)

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (տեսանյութ)

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

«Մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման էր ենթարկվել երեխայի մայրը:

Նա հաղորդում էր տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել էր Դեբեդ գետը: Հարուցվել է քրեական գործ, մայրը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում էր կայացվել նրան տեղափոխել Երևան: Աղջնակի մոտ առկա էին որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում