Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվել է Հայոց բանակ

Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվել է Հայոց բանակ

Գեղարքունիքի մարզում անցկացվել է 2022 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը։ Նորակոչիկները հայոց բանակ են ճանապարհվել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից:

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, զորակոչի արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը շնորհավորել է նորակոչիկներին և նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղել հայրենիքի պաշտպաններին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակում զինվորական ծառայության մեկնելու առթիվ։ Վստահ եմ, որ դուք բարձր կպահեք Հայոց բանակի զինվորի պատիվը, կծառայեք անձնվիրաբար և կցուցաբերեք ամենայն պատասխանատվություն՝ ձեր առջև դրված պարտականությունները կատարելու ընթացքում: Համոզված եմ, որ կհանդիպենք երկու տարի անց, երբ դուք ավելի հասունացած կլինեք և կայացած տղամարդ։ Բարի ծառայություն և բարի վերադարձ եմ ցանկանում բոլորիդ»,- նշեց մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը:

Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանի:

«Այսօր մեր համար առանձնահատուկ օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Չնայած մի քիչ տխուր ենք, բայց այդ զգացողությունը միախառնվում է ուրախությանը, քանի որ գիտակցում ենք, որ ունենք այնպիսի զավակներ, որոնց վստահվում է Հայոց բանակում ծառայելու սրբազան պարտքը։ Թող բարով ծառայեն ու անփորձանք վերադառնան տուն։ Մաղթում ենք խաղաղություն մեր երկրին և հայրենի սահմաններին, իսկ ծառայությունը պատվաբեր գործընթաց է յուրաքանչյուր երիտասարդի համար»,- նշել են նորակոչիկների ծնողները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում