Կրեմլն ու Սպիտակ տունը քննարկել են Մոսկվայի առաջարկած անվտանգության երաշխիքները. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուշակովն ու Սալիվանը շարունակել են իրենց քննարկումը երկու փաստաթղթերի նախագծում շարադրված և ավելի վաղ ամերիկյան կողմին փոխանցված ռուսական հայտնի առաջարկների համատեքստում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Քննարկումը կրել է գործնական և պրագմատիկ բնույթ: Նախագահի օգնականները պայմանավորվել են շարունակել շփումները»,- հավելել է Պեսկովը։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուշակովը Սալիվանին ասել է, որ Մոսկվան պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել այդ փաստաթղթերի նախագծերի շուրջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
Կարծիքներ