Հելսինկիում ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ ներկայցուցիչները տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր են քննարկել
Ապրիլի 3-ին Հելսինկիում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, ֆիննականը՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։
Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակական անցկացումը` որպես Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ գործընկեր երկրների տեղեկացվածության աստիճանի բարձրացման արդյունավետ միջոց։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
Արա Մարգարյանը ֆիննական կողմին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Այցի շրջանակներում Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը մասնակցել է նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտում (FIIA) կազմակերպված քննարկմանը:
Կարծիքներ