Շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:
«Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այս պնդումներն անհիմն են: Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել:
«Հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն:
Այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև դեկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ: Ադրբեջանի նախագահը հրաժարվեց»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունն արդարացված է:
«Բայց Պաշտպանության բանակը ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ: Այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- ասաց նա:
Կարծիքներ