Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց ավտոմեքենաների ջարդի հեղինակի ինքնությունը պարզվել է
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, ինչպես նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչ, 27-ամյա Հմայակ Միրզոյանը։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված 06-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կարծիքներ