ԱՀԿ-ն հայտարարել է միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

ԱՀԿ-ն հայտարարել է միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել երկրագնդի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա: Այդ մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միջոցառման տեսագրությունը հասանելի է կազմակերպության You-Tube-էջում:

«COVID-19-ը միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա ազդել է դրանից ծնված տագնապների ու վախերի, ինչպես նաև հոգեկան առողջության աջակցության կենտրոնների աշխատանքի խափանման պատճառով»,-ասել է նա:

ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով՝ իրավիճակը պայմանավորված է բազմաթիվ երկրներում մտցված սահմանափակիչ միջոցառումներով և, դրա հետ կապված, մարդկանց միջև փոխգործակցության բացակայությամբ:

Հեբրեյեսուսը նշել է, որ հոգեկան խանգարումներից տառապում է շուրջ մեկ միլիարդ մարդ, բայց որակյալ բուժօգնությունը քչերին է հասանելի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 24 միլիոն դեպք, ավելի քան 821 հազար մարդ մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում