Գերմանացին կարող է փոխհատուցում ստանալ հեռավար աշխատելիս մեջքը վնասելու համար
Գերմանիայում դատարանը որոշել է, որ տղամարդը, ով մեջքի վնասվածք է ստացել հեռավար աշխատանքի ընթացքում, կարող է փոխհատուցում ստանալ աշխատավայրում դժբախտ պատահարից ապահովագրության շրջանակներում: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Նշվում է, որ տղամարդը սայթաքել եւ ընկել է, երբ առավոտյան սանդուղքով իջնում էր իր աշխատանքային սեղանի մոտ։ Արդյունքում նա կոտրել է ողնաշարը։
Դատարանի որոշմամբ՝ կատարվածը կարելի է ապահովագրական դեպք համարել, քանի որ տղամարդը տեխնիկապես վնասվածք է ստացել աշխատանքի գնալու ճանապարհին։
Միաժամանակ պարզաբանվում է, որ որոշիչ է այն պահը, որ աշխատակիցը վնասել է մեջքն իր տան աշխատանքային հատված գնալիս։ Տուժողի հայցադիմումը կմերժվեր, եթե նա ընկներ, օրինակ, մինչ աշխատանքային օրվա սկիզբը նախաճաշի գնալիս:
Չնայած դատարանի որոշմանը` ապահովագրական ընկերությունը բողոքարկել է դատավճիռը։ Գերմանացուն գումարը դեռ չի վճարվել:
Միեւնույն ժամանակ, Գերմանիայի Դաշնային դատարանը որոշել է, որ «եթե ապահովագրված գործունեությունն իրականացվում է ապահովագրված անձի տնային տնտեսությունում կամ այլ վայրում, ապա ապահովագրական պաշտպանությունը տրամադրվում է նույն չափով, ինչ այն դեպքում, եթե գործունեությունն իրականացվեր ընկերության տարածքում»:
Կարծիքներ