Ինչ-որ մեկը առևտրային կետ է դրել Ամիրյանի վրա, մի քիչ էլ թողենք` ապօրինի շինություն կսարքի մայթի վրա․ քաղաքապետ

Ինչ-որ մեկը առևտրային կետ է դրել Ամիրյանի վրա, մի քիչ էլ թողենք` ապօրինի շինություն կսարքի մայթի վրա․ քաղաքապետ

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստին քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, անդրադառնալով փողոցային առևտրի հետ կապված տեսչական մարմնի լիազորություններին, ասաց․

«Փողոցային առեւտրի հետ կապված տեսչական մարմինը գրեթե ոչ մի լիազորություն չունի, հատկապես ֆիզիկական անձանց նկատմամբ որեւէ վարչարարություն չենք կարողանում իրականացնել»։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «Կենտրոնով ման էի գալիս, ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքը ինչ-որ մեկը առեւտրային կենտրոն է սարքել: Վստահ եմ, որ ոչ թե ընտանիք է պահում, այլ բիզնես է դրել։ Ի՞նչ ենք անում դրա հետ»։

Հարցին ի պատասխան Սաֆարյանը նշեց, որ անձը բազմիցս տուգանվել է և ոստիկանությունը ուժեղացրած ծառայություն է սկսելու։

Հրաչյա Սարգսյանը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ եթե ամենօրյա ծառայությունը մեկ ամիս լինի, մեկ ամիս հետո չենք ունենա, բայց ոնց հասկանում եմ, արդեն երրորդ ամիսն է, որ այնտեղ բան են անում:

Մայթը վերցրել են, քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարում են: Կարծում եմ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է կազմակերպել, որ այդտեղ այլեւս առեւտուր չիրականացվի: Մի քիչ էլ թողենք, ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»:

Վարչության պետի խոսքով, այդ անձը անվճարունակ է, ինչքան տուգանում են՝ ազդեցություն չկա, բայց լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում