Փարիզի քաղաքապետը Օլիմպիական խաղերից առաջ լողացել է Սենում
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել է Սեն գետում՝ հաստատելով գետի համապատասխանությունը գալիք Օլիմպիական խաղերում լողի մրցումներ ընդունելու համար:
Դա հաստատելու համար Իդալգոն լողացել է 100 մետր, տարածության մի մասն անցնելով դեմքը ջրի մեջ։ Նրա հետ գետում լողացել են քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ և 2024 թվականի oլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն:
Քաղաքապետը լողացել է ժանդարմների և փրկարարների, ինչպես նաև մեծ թվով լրագրողների ներկայությամբ:
Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրվել է 150 լրատվամիջոց:
Բոլոր մասնակիցները ջուրն են մտել Սեն-Լուի կղզու մոտ գտնվող Հենրի IV ամբարտակի մոտ գտնվող հարթակից։ 100 մետրից քիչ անց Իդալգոն և Էստանգեն ծափահարությունների ուղեկցությամբ ափ են դուրս եկել:
«Մենք վերջապես դա արեցինք չորս տարվա աշխատանքից հետո: Պատկերացրեք, որ մեկ տարի հետո կլինի պաշտոնապես թույլատրված լողավազան, որտեղ կարող են գալ լողալ ցանկացողները: Ընդհանուր առմամբ, կունենանք երեք այդպիսի կետ գետի վրա: Օլիմպիական Խաղերը մեզ համար դարձել են ոչ միայն մարտահրավեր, այլ նաև դրական փոփոխությունների մղիչ»,- լողալուց հետո լրագրողներին ասել է Փարիզի քաղաքապետը:
Կարծիքներ