ՊԵԿ նախագահը Ռուսաստանում քննարկել է մաքսային ոլորտում երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահը Ռուսաստանում քննարկել է մաքսային ոլորտում երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ:

«ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է կառուցվածքային ստորաբաժանումների շփումների առավել ակտիվացումը՝ միջազգային կառույցներում ՀՀ և ՌԴ մաքսային մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորման նպատակահարմարությունը որոշելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել են Հայաստանի և Ռուսատանի մաքսային մարմինների միջև հետագա գործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում:

ՊԵԿ նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենան նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում