Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը:
«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»,- գրել է Հայկ Մարությանը:
Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:
Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 -ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։
1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։
2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։
2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։
2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:
Կարծիքներ