Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում փոփոխություն է եղել.ԿԳՄՍՆ
Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:
Ընդ որում` սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացնելու դեպքում` սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում:
Ուսանողների տվյալները հավաքագրելուց հետո բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` համապատասխանաբար մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը: Նախարարությունը վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատման դեպքում համապատասխան տեղեկատվությունը փաթեթով ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե:
Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը նախարարության կամ բուհի կողմից մերժվում է, եթե բուհը հավատարմագրված չէ, մասնագիտությունը ներառված չէ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում, դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ սովորողը ՀՀ քաղաքացի չէ կամ ունի ուսման վարձի պարտք:
Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում վերհանված խնդիրները և դրանց լուծման հրատապությունը:
Ակնկալվում է, որ այս որոշմամբ կապահովվի եկամտային հարկի գումարների վերադարձման բնականոն, ավելի դյուրին ընթացակարգ:
Կարծիքներ