Ուկրաինայի պետական պարտքը երեք ամսում ավելացել է 3,2 մլրդ դոլարով
Ուկրաինայի պետական պարտքը երեք ամսվա ընթացքում ավելացել է 3,2 մլրդ դոլարով՝ հասնելով 155,36 մլրդ դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է երկրի ֆինանսների նախարարության կայքում:
Ընդ որում, պետական և երաշխավորված արտաքին պարտքը հուլիսի 31-ի դրությամբ հասել է 112,92 մլրդ դոլարի, ինչը կազմում է ընդհանուր գումարի 72,69 %-ը։
Ավելի վաղ ֆինանսական գերատեսչությունը հայտնել էր, որ տարեսկզբից ռազմական կարիքների համար Ուկրաինայի բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 24 մլրդ դոլար, ընդ որում, միայն հուլիսին բյուջեի միջոցներից ծախսվել է 3,9 մլրդ դոլար։
Ուկրաինայում 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 43,9 մլրդ դոլարի չափով: Մեծ մասն իշխանություններն ակնկալում են ծածկել Արևմուտքի օգնության հաշվին։ Երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ բյուջեն ամեն ամիս գործընկերներից 3 մլրդ դոլարի մուտքերի կարիք ունի։ Նա նաև հայտնել է, որ 2023 թվականին ստացված արևմտյան ֆինանսական օգնության միայն մեկ քառորդն է տրամադրվել դրամաշնորհների տեսքով, այսինքն՝ անհատույց։ Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա արդյունքներով Ուկրաինայի պետական պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 %-ին։
Հուլիսի կեսերին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել 2024 թվականի պետական բյուջեում փոփոխությունների մասին օրինագծին, որը նախատեսում է լրացուցիչ 495,3 միլիարդ գրիվնա (մոտ 11,9 միլիարդ դոլար) հատկացնել պաշտպանության կարիքների համար:
Կարծիքներ