Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Լեհաստանը ֆինանսապես կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր հաճախում են լեհական դպրոցներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Ներկայումս, որպես փախստական, Լեհաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիները կարող են ստանալ մի շարք սոցիալական նպաստներ, ներառյալ, այսպես կոչված, 800+ նպաստը, որը ամսական 800 զլոտի (մոտ 200 դոլար) չափով վճարվում է ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս անդամի համար:
«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել՝ կապված սոցիալական օգնության, ընտանիքի աջակցության և կրթության հասանելիության հետ, սակայն այն օրենքում, որը այսօր ներկայացրեց ներքին գործերի նախարար Մարչին Կիրվինսկին, մենք փոփոխություններ ենք մտցնում ներկայիս կանոնների մեջ, հատկապես կրթության ոլորտում»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։
Նա պարզաբանել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի որոշ քաղաքացիներ դիմում են Լեհաստանում նպաստ ստանալու համար, իսկ իրենք վերադառնում են Ուկրաինա՝ շարունակելով գումարներ ստանալ լեհական բյուջեից։
Վերջին տվյալներով՝ Լեհաստանում մոտ 1,5 մլն Ուկրաինայի քաղաքացի կա։
Կարծիքներ