Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունները կսկսվեն՝ անկախ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի շուրջ բանակցություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ կսկսի Ռաֆահի նվաճումը «գործարքով կամ առանց դրա»։
Նեթանյահուն նման հայտարարություն է արել՝ չնայած ԱՄՆ-ն բազմիցս նրան նախազգուշացրել է, որ որևէ ռազմական գործողությունից առաջ պետք է ապահովվի Ռաֆահի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
Օրեր առաջ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ «եթե գործարք լինի, մենք կկասեցնենք (խմբ․՝ Ռաֆահում) գործողությունը»։ Սակայն Նեթանյահուն ապրիլի 30-ին պնդել է, որ պատերազմը կշարունակվի, մինչև Իսրայելը չհասնի Ռաֆահում իր բոլոր նպատակներին։
«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը՝ նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, չի քննարկվում․․․ Մենք կմտնենք Ռաֆահ և կշարունակենք ոչնչացնել այնտեղ գտնվող ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ գործարքով թե առանց դրա, որպեսզի հասնենք լիակատար հաղթանակի», - Նեթանյահուի խոսքերն է փոխանցում նրա գրասենյակը։
Նշվում է նաև, որ պատանդների ընտանիքները վարչապետին կոչ են արել շարունակել պատերազմը և անտեսել միջազգային աճող ճնշումը։
ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին գերեվարված 253 պատանդներից 130-ը դեռ գտնվում են Գազայի հատվածում։ Նրանցից առնվազն 34-ը զոհված է համարվում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 29-ին հույս էր հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի Իսրայելի՝ իր բնութագրմամբ «չափազանց շռայլ առաջարկը» հրադադարի հասնելու շուրջ։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, իսկ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 400-ը։
Կարծիքներ