Ճամբարակի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ սեփական ապօրինի շինությունն օրինականացնելու համար
Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ ՝ իր կողմից 2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։ Ավեին՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը համայնքի ավագանու որոշմամբ ճանաչվել է անօրինական:
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ.
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ՝ իր կողմից 2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։
Ավելին, 2019թ. նոյեմբերին՝ ամենամյա արձակուրդի մեկնելուց առաջ, համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել Ճամբարակի համայնքապետարան՝ խնդրելով իր կողմից կառուցված ինքնակամ շինությունը ճանաչել օրինական: Ճամբարակ համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված շինությունը ճանաչվել է համայնքային սեփականություն և օրինական, ինչպես նաև ավագանու՝ 12․12․2019թ․ որոշմամբ՝ վերոնշյալ շինությունը ուղղակի վաճառքով տրամադրվել է համայնքի ղեկավարին: Այնուհետև վերջինիս պարտականությունները կատարող անձի՝ 13․12․2019թ․ որոշմամբ՝ ինքնակամ կառույցը որոշվել է վաճառել համայնքի ղեկավարին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ