Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Համբարձման տոնը
Մայիսի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա են եղել նաև հայաստանյան թեմի առաջնորդները և բազում ուխտավոր հայորդիներ։
Իր քարոզում Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնոր Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշել է.
«Մարմնացյալ Աստված Իր երկրային գործունեության ընթացքում քայլեց այն բոլոր ճանապարհներով, որոնք մարդկությունն իր մեղսագործությամբ պղծել և անիծել էր: Մեր Տերն օրհնեց ու սրբագործեց այդ ճանապարհները, ապա խաչվելուց, մահանալուց և հարություն առնելուց քառասուն օր հետո համբարձվեց՝ նախանշելով փրկության ուղին»։
Պատարագիչ Սրբազանը հիշեցրել է հավատավոր ժողովրդին, որ այսօր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության օրն է: Եզնիկ արքեպիսկոպոսը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածնի հիմնադրմանը, ընդգծել է Մայր Աթոռի անուրանալի դերակատարությունը հայ ժողովրդի ինքնության և ազգային արժեքների պահպանության գործում: Հայրապետական Աթոռի փոխադրման պատմական հիշատակության առիթով Սրբազանը կոչ է արել հավատացյալաներին աղոթք բարձրացնել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անսասան հովվապետության ու կենաց արևշատության համար:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու հավերժ շենացման համար:
Կարծիքներ