Դատարանը մերժեց դատախազներին բացարկի վերաբերյալ Մարտի 1-ի գործով տուժողի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին բացարկի վերաբերյալ միջնորդությունը։ Դատավորը նշեց, որ որոշումը ենթակա չէ բողոքարման։
Ավելի վաղ, դատարանում Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատարանին էր ներկայացրել մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն: Էդուարդ Ասլանյանը նշել էր, որ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կասկածելի էր համարել, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ շահեր են հետապնդում։ Նրա խոսքով՝ միջնորդությունը, մեղմ ասած, հիմնավոր չէ։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։
Կարծիքներ