Արմավիրի մարզում հայրը դանակով հարվածել է 30-ամյա որդուն, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տաք հետքերով պարզվել է մահացածի ինքնությունը, ինչպես նաև պարզվել է, թե Գայ գյուղի որ փողոցից են նրան տեղափոխել հիվանդանոց: Մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:
Այս պահին սպանվածի տանը զննություն են կատարում քննիչները: Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին. նա ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:
Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, և Լևոն Մ.-ն ձերբակալվել է: Ոստիկանները հայտնաբերել են նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան, որով սպանվածը տեղափոխվել էր հիվանդանոց: Ավտոմեքենայի սրահում և դրսի հատվածներում նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:
Կարծիքներ