Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Նոյեմբերի 7-ի դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Նախարարի վստահեցմամբ՝ նման մեծածավալ պատվաստման արդյունքում չի գրանցվել հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: «Եղել են դեպքեր՝ որոշակի անցանկալի ջերմության, ալերգիկ որոշակի ռեակցիաների, որոնք հարթվել են նույնիսկ առանց բժշկական օգնության»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարը Հայաստանի օրինակի վրա փաստում է, որ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են և միակ միջոցն են, որ կանխում են մահերը:
«Առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը 613 հազար 846 է: Դա մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափ ստացածների թիվը 276 հազար 948 է»,-ասաց Ավանեսյանը:
Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև մեծ տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին 1 ամսվա ընթացքում. օրական գրանցվում է միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ: Նախարարը շեշտեց՝ գոհ կլինեին, որ այդ ցուցանիշներն արձանագրվեին ոչ թե հիմա, այլ գարնանից սկսած:
Կարծիքներ