Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հունիսի սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն է տրվում, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ:
Այս մասին Կառավարության հուլիսի 9-ի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ այժմ առաջարկվում է որոշման նախագիծ, որի նպատակն է ծրագրի արդյունքում արտահանողներին առնչվող հունիս ամսվա պարտավորությունները կատարելը, այսինքն՝ նրանք արտահանել են, գործադիրը պետք է ֆինանսական աջակցություն տրամադրի:
«Միջոցառման իրականացման համար հունիսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 մլրդ 140 մլն դրամ»,- ասել է նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ու ասել, որ 3 մլրդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է. դա նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են:
Ըստ նրա՝ ՀՀ տնտեսության մեջ բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է, և 3 միլիարդի արտահանումը ցույց է տալիս, որ կա ծավալուն ձեռքբերում:


Կարծիքներ