Մեկնարկել է ոստիկանների ատեստացիան. ՀՀ ՆԳՆ փոխնախարար Սարգսյանը հանդիպել է առաջին մասնակիցներին
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակից ծառայողներն առաջինն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ատեստավորմանը ու հաջողության դեպքում բարձրացնելու իրենց սոցիալական երաշխիքները՝ օրինակ դառնալով մյուս ծառայողների համար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, օգոստոսի 21-ին, ատեստացիայի առաջին օրը, ընդհանուր գիտելիքների ստուգմանը հետևում էր ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունել է ներկաներին և մաղթել հաջողություն։
«Գործընթացին հետևում էին նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետն ու տեղակալները, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ ատեստացիային ընդառաջ իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով մշակվել է համապատասխան ուղեցույց։
Ատեստացիայի առաջին՝ ընդհանուր գիտելիքների ստուգմանը, որի ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում էր, մասնակցում էին Ոստիկանության զորքերի, ոստիկանության տարածքային բաժինների և պետական պահպանության գլխավոր վարչության 89 ծառայողներ, իսկ ընդհանուր առմամբ՝ ատեստավորման համար դիմել է արդեն 1272 ոստիկան։
Ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։
Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։
Կարծիքներ