Սոցցանցերում արդարացվում է սպանությունը՝ տուժողի տրանս կին լինելու հանգամանքով․ ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
Նշվում է, որ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթո՞վ։
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։
Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։
Երեկ տեղեկացրել էինք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհի ահազանգով ժամանած իրավապահները կրակը մարելուց հետո հայտնաբերել էին դի՝ կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներով: Տեղեկությունների համաձայն՝ սպանվածը 28-ամյա տղամարդ էր, որը, ըստ հավաքվածների, այդ թվում՝ հարևանների, տրանսգենդեր էր:
Դեպքին այսօր անդրադարձել էր նաև ՀՀ քննչական կոմիտեն՝ հայտնելով մանրամասներ:
Այնուհետև ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ գտնվել է տրանս կնոջը սպանած երիտասարդն ու բացահայտվել սպանության հանգամանքները։
Կարծիքներ