Տաշքենդում անհայտ նյութով թունավորման հետևանքով 5 ուսանող է մահացել
Տաշքենդի 3 համալսարանի 5 ուսանող, որոնք միասին ապրում էին մասնավոր տանը, մահացել են անհայտ նյութով թունավորումից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
Ըստ մամուլի ծառայության, փետրվարի 27-ին, ժամը 20.50-ին (Երևանի ժամանակով 19:50-ին) Տաշքենդի Յունուսաբադ շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերվել է Ուզբեկստանի մայրաքաղաքի 3 համալսարանի 5 ուսանողի մարմին:
«Դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն՝ ուսանողների մահվան պատճառը անհայտ նյութով սուր թունավորումն է եղել»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկությամբ՝ Տաշքենդի Յունուսաբադ շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ուսանողների մահվան դեպքի առթիվ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որի արդյունքում մի քանի մարդ է մահացել» հոդվածով:
Կարծիքներ