Կատալոնիայի քաղաքներից մեկը Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին անցանկալի անձ է հայտարարել
Կատալոնիայի Ինքնավար Համայնքում գտնվող Սան Կուգատ դել Վալեսի շրջանային կառավարությունը իսպանական թագավոր Ֆելիպե 6-րդին անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Tot Sant Cugat պարբերականին:
Որոշումն ընդունվել է երկուշաբթի՝ քաղաքային խորհրդի պլենումում: Նախաձեռնությանը աջակցել են Կատալոնիայի անկախությունը պաշտպանող երեք կուսակցությունների ներկայացուցիչները, «Քաղաքացիներ» կուսակցությունը և սոցիալիստները դեմ են քվեարկել, «Կատալոնիայի Ձախ հանրապետականներ»-ը (ERC) ձեռնպահ են մնացել:
Մասնավորապես, «Միասին հանուն Սան Կուգատի» և «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցությունների պատգամավորները հայտարարել են, որ միապետությունը, որպես ժառանգության մասին օրենքի վրա հիմնված հակաժողովրդավարական ինստիտուտ, «Ֆրանկիստական ռեժիմի ժառանգն է»:
«Մենք չենք կարող որևէ հստակ անձի անցանկալի հռչակել: Եթե դա ինստիտուտ լիներ, մենք դա կանեինք»,-բացատրել է ձեռնպահ մնալու որոշումը ERC-ի ներկայացուցիչ Ժեմմա Արիթոյը, որը նաև քննադատության է ենթարկել «Բուրբոնների կոռուպցիան»:
Արդյունքում, անկախության կողմնակիցների ջանքերով, Սան Կուգատ դել Վալեսը հայտարարվել է հանրապետական և հակամիապետական քաղաք:
Կարծիքներ