Ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան
Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու:
Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի 29/20 ընտրատեղամասում միջադեպ էր տեղի ունեցել. մի կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից, սակայն հանձնաժողովի անդամները նկատել են և քվեաթերթիկը վերցրել կնոջ ձեռքից:
Կարծիքներ