Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։
Ամենօրյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազանգերի մասին հարցին, ինչպես նաև վերջիններիս միջև Նյու Յորքում մեկ այլ հանդիպում կազմակերպելու հնարավորությանը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել է.
«Ակնհայտ է, որ մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի:
Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ»:
Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնն իր ուժերի ներածի չափով հանձնառու է աջակցել կողմերին՝ ներառյալ հանդիպում հրավիրելը, եթե դա օգտակար է:
Կարծիքներ