ԱԺ ՔՊ խմբակցությունը «Սիներջիի» կալանավորված աշխատակիցների վերաբերյալ որոշում ունի

ԱԺ ՔՊ խմբակցությունը «Սիներջիի» կալանավորված աշխատակիցների վերաբերյալ որոշում ունի

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որպեսզի փոխվեն «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովանեսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սրա համար կան նաև որոշակի հանրային ազդակներ: Հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով: Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք: Ըստ էության, դրական ենք տրամադրված նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու հարցով»,-ասաց Կոնջորյանը:

Միջնորդությունն, ըստ ամենայնի, պատգամավորները կներկայացնեն փետրվարի 6-ին:

Խմբակցությունում կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: Պատգամավորների ստորագրությունները, սակայն, դեռ թղթի վրա չկան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցության նիստին, որում քննարկվել է միջնորդություն ներկայացնելու հարցը,  ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անի Գևորգյանը նրա եղբոր կինն է, Կոնջորյանը բացասական պատասխան տվեց, Սիմոնյանը փետրվարի 5-ի նիստին ներկա չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում