Վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպեով. նախագծի մանրամասները

Վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպեով. նախագծի մանրամասները

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է բարձրացնել Երևանում տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, համայնքային իշխանություններին տրամադրել ժամանակակից և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև բարելավել բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը։

Նախագծով առաջարկվում է էապես ընդլայնել համայնքի լիազորությունները քաղաքային միջավայրի կառավարման ոլորտում։

«Այս փոփոխությունները միտված են քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը և քաղաքաշինական կարգապահության ամրապնդմանը։ Առանձնակի կարևորություն ունեն ինքնակամ շինարարությունների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված կարգավորումները։ Նախագծով հստակեցվում և պարզեցվում են ինքնակամ կառույցների քանդման ու նախկին վիճակի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաև ստեղծվում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ ապօրինի շինարարության դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար»,- նշել է Ավետիսյանը։

Նախագծի կարևոր նորամուծություններից է նաև Երևանի ավագանուն լրացուցիչ լիազորությունների տրամադրումը՝ կենդանիների պահման, աղմուկի և փոշու սահմանափակման, հեծանիվների և ինքնագլորների շահագործման, արգելափակոցների տեղադրման ու մի շարք այլ ոլորտներում կարգավորումներ սահմանելու նպատակով։

«Սահմանվում է նաև կարևոր կարգավորում, ըստ որի՝ վթարի դեպքում ճանապարհը կարող է փակվել առավելագույնը 15 րոպե ժամկետով»,- տեղեկացրել է ՏԿԵ նախարարի տեղակալը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում