Ուկրաինայում սաստեցին ադրբեջանամետ պատգմավորին

Ուկրաինայում սաստեցին ադրբեջանամետ պատգմավորին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սատարող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն վստահ է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան անտարբեր չի գտնվի Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում: Այս մասին նա ասել է «Украина 24» հեռուստաալիքի եթերում ՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական իրավիճակը մեկնաբանելիս. «Որքան գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում, խոսքը հումանիտար օգնության մասին է: Այսօր մենք կազմում ենք անհրաժեշտ ցուցակը: Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Սա ներառում է ռազմական և հումանիտար աջակցություն այն ամենին, ինչը ապագայում անհրաժեշտ կլինի: Սա ռազմական իրավիճակ է: Համոզված եմ, որ եթե իրավիճակն ավելի սրվի, ապա Ուկրաինան անտարբեր չի գտնվի», - ասել է Մարչենկոն: Պատգամավորի արտահայտած կարծիքը բուռն դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի Ներքին Գործերի նախարար Արսեն Ավակովի մոտ, որն իր Թվիթերյան էջում պատասխանել է Մարչենկոյին. «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց որ բժշկական օգնություն պետք է դեղահաբերի տեսքով ցուցաբերի չափազանց մեծ ֆանտազիա ունեցող պատգամավորներին, դա ակնհայտ է»: Մարչենկոյին արձագանքեց նաեւ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան. «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի՝ արտասահմանյան պետություններին ռազմական, հումանիտար կամ ցանկացած այլ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ ուզում եմ նշել հետևյալը.

1. Ուկրաինայի յուրաքանչյուր ժողովրդական պատգամավոր կարող է արտահայտել իր դիրքորոշումը կամ ցանկացած հարցի վերաբերյալ արտահայտել իր կարծիքը... սակայն օտարերկրյա պետություններին օգնություն տրամադրելու որոշումը դա Կառավարության, Նախագահի և Ուկրաինայի իրավասության մեջ է մտնում:

2. Ինչ վերաբերում է ակտիվ զինված առճակատմանը, զոհերի քանակին և ավերածություններին, ես մեկ անգամ կոչ եմ անում բոլորին ունենալ հավասարակշռված հայտարարություններ և մեկնաբանություններ, որոնք չեն առաջացնի էմոցիաներ, չեն առաջացնի առճակատում և թշնամանք և կհամապատասխանեն ուկրաինական պետության պաշտոնական դիրքորոշմանը: Վերահսկեք ձեր հույզերը և մի խաղացեք մյուս մարդկանց հույզերի հետ:

3. Ուկրաինան 3 տարի շարունակ հայկական և ադրբեջանական սփյուռքի տունն է: Կարևոր է ապահովել խաղաղություն և միջազգային համաձայնություն Ուկրաինայում բնակվող բոլոր էթնիկ համայնքների համար: Ես կոչ եմ անում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին չտրվել սադրանքներին և հետևել Ուկրաինայում գործող օրենսդրությանը»:

Չդիմանալով պետական պաշտոնյաների նման ճնշմանը՝ Մարչենկոն շտապեց հերքել ավելի վաղ արտահայտած կարծիքը եւ հրապարակեց հետեւյալ տեքստը. «Ինչ վերաբերվում է իմ խոսքերին, ապա ԶԼՄ-ները սխալ էին մեկնաբանել իմ արտահայտած միտքը, քանզի բոլորս էլ գիտենք, որքան հնչեղ է վերնագիրը, այնքան բարձր է նյութի վարկանիշը: Այսինքն՝ խոսք չի գնացել զենքի մատակարարման մասին: Ես հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կընթանա խաղաղ եւ միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի մթնոլորտում: Երկրների ղեկավարները պետք է հիշեն, գլխավոր առաջնահերթությունը՝ մարդկային կյանքերն են»:

Չնայած Մարչենկոյի նահանջին, այնուամենայնիվ ավելորդ չենք գտնում հիշեցնել նաեւ վերջինիս ավելի վաղ արտահայտած հակահայ կարծիքը.

««Սիրելի» հայեր, Ղարաբաղը ձեր հողը չէ: Դադարեցրեք ձեր ժողովրդի ապատեղեկատվությունը, չար կեղծիքներն ու հարձակումները Ադրբեջանի հողերի վրա: Կրկին մենք հիասթափեցնող լուր ստացանք Ադրբեջանցի ընկերներից, հրթիռային հարվածներից, ծանր հրետանու կրակոցներից մեծ թվով զոհեր կան: Հայաստանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի շրջանում: Համաշխարհային հանրությունը կոչ է անում երկու կողմերին վերահաստատել իրենց պարտավորությունները հրադադարի նկատմամբ և անհապաղ գործողություններ ձեռնարկել հետագա սրացումներից խուսափելու համար: Ամենասարսափելին այն է, որ առճակատման գծում Լեռնային Ղարաբաղում տուժեցին խաղաղ բնակիչները, այդ թվում նաև երեխաներն ու կանայք: Հայաստանի զինված ուժերը, կատարելով լայնածավալ սադրանքներ, առաջնագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը: Իսկ հայկական լրատվամիջոցները շատ ակտիվ են կեղծ ու արհամարհական տեղեկատվություն տարածելու հարցում: Յուրաքանչյուրի համար, ով կասկածում է հակամարտության մեջ, կարդացեք պատմությունը: Ուկրաինան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգային ճանաչմամբ սահմաններում»:

Ադրբեջանամետ պատգամավորին սաստելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել Ուկրաինայի հայ համայնքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում