Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել պայքարել երկրի անկախության համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի անկախությունը «չափազանց թանկ արժեք է» և ժողովրդին կոչ է արել պայքարել դրա համար, գրում է ria.ru-ն։
«Մենք բոլորս ինքնիշխանություն և անկախություն ենք ցանկանում, անկախությունը չափազանց թանկ արժեք է։ Եթե բելառուս ժողովուրդը պատրաստ է պահպանել այդ անկախությունը, ամեն գնով պայքարել դրա համար, եկե՛ք պայքարենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պետք է պատասխանի արտաքին ագրեսիային։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. երկրի բնակիչները բողոքում են ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն, հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրում շարունակվող բողոքի ակցիաները համակարգվում են արտասահմանից: Լուկաշենկոն Արևմուտքին մեղադրել է Բելառուսում տիրող իրավիճակին ուղղակի միջամտելու համար՝ նշելով, որ անկարգությունները կազմակերպում է ԱՄՆ-ն։ Բելառուսում անկարգություններ հրահրելու համար նա նաև մեղադրել է Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային։
Կարծիքներ