Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

Ռուսաստանը և Ուկրաինան 2023 թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են կատարել, որը դարձել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենամասշտաբայինը։ Դա տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձել 248 գերի։
«Ռուսաստանցի զինծառայողների վերադարձը գերությունից հնարավոր է դարձել՝ շնորհիվ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ հումանիտար բնույթի միջնորդական մասնակցության», - հայտնել են գերատեսչությունում։
Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է 230 զինծառայողի վերադարձի մասին։
Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկու երկրների միջև կարող է տեղի ունենալ ռազմագերիների ևս մեկ փոխանակում։
Իր հերթին ԱՄԷ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գերիների փոխանակման հաջողությունն արտացոլում է երկրի «ամուր բարեկամական հարաբերություններն» ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
«Իզվեստիյա» պարբերականը հիշեցնում է, որ 2023 թ․ հոկտեմբերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում։ Ռուսական կողմին է փոխանցվել 60 զինծառայողի մարմին, ուկրաինական կողմին՝ 64։ Մինչ այդ բանակցությունների արդյունքում հուլիսին Ռուսաստան էր վերադարձել գերության մեջ գտնվող 45 զինծառայող, իսկ Ուկրաինա՝ 41 զինծառայող։
Կարծիքներ