Կարդիականացվի մայր շատրվանի լուսաձայնային համակարգը․ նախատեսվում է ջրային էկրան տեղադրել
Այս տարի նախատեսվում է արդիականցնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում։
«Մայրաքաղաքում այսօր շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ՝ այս տարի, ի դեպ, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը քաղաքապետարանի տարածած տեսանյութում վստահեցնում է՝ փոխարինվելու են մայր շատրվանի շարժիչները, լուսային համակարգը, լուսային նոր էֆեկտներ են ստեղծվելու։
«Տարբերակ է մշակվում, որպեսզի լրացուցիչ ջրային էկրան տեղադրվի։ Էկրանի վրա արտացոլվելու է մեր պատմամշակութային արժեքները ներկայացնող հոլովակներ»,- նշեց նա։
Տեսանյութում «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանի խոսքով՝ շատրվաններն ու ջրավազանները տեսքի կբերվեն։
«Մարտի մեկից նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն։ Շատրվաններ և ջրավազանները տեսքի կբերենք։ Կընթանան ներկման և սալիկների ամրացման, պոմպերի և մալուխային գծերի վերանայման աշխատանքներ»,- նշեց Վաղարշակյանը
Շատրվաններն այս տարի կգործարկվեն ապրիլի 7-ից։
Կարծիքներ