Twitter-ը նոր գործառույթ է ներկայացրել

Twitter-ը նոր գործառույթ է ներկայացրել

Twitter-ը հայտարարել է Super Follows կոչվող նոր գործառույթի մասին, որը թույլ կտա օգտատերերին վճարել լրացուցիչ էքսկլյուզիվ նյութերի համար: Խոսքը միայն բաժանորդների համար ինֆորմացիոն բյուլետենների մասին է` տեսանյութերի, առաջարկների եւ զեղչերի: Օգտատերերն ամսական բաժանորդագրության գումար կվճարեն` հավելյալ քոնթենթ ստանալու համար, փոխանցում է AP-ն:

Բաժանորդագրությունները նաեւ թույլ կտան Twitter-ին օգտվել եկամտի ավելի լայն շրջանակից աշխարհում, որտեղ առցանց գովազդի ոլորտում գերակշռում են Facebook-ը եւ Google-ը:

«Super Follows-ի միջոցով լսարանի ֆինանսավորման հնարավորությունների ուսումնասիրությունը թույլ կտա ստեղծողներին եւ հրատարակիչներին անմիջական աջակցություն ստանալ իրենց լսարանից եւ կխրախուսի նրանց շարունակել այնպիսի քոնթենթ ստեղծել, որը դուր է գալիս նրանց լսարանին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Super Follows-ը դեռ հասանելի չէ, սակայն Twitter-ը հայտնել է, որ առաջիկա ամիսներին այն «ներկայացնելու բան կունենա»: Հաջորդ պրոդուկտը` Revue-ն, թույլ կտա վճարովի կամ անվճար ինֆորմացիոն բյուլետեններ հրապարակել ձեր լսարանի համար: Կա նաեւ Twitter Spaces-ը` Clubhouse-ի մրցակիցը, որը օգտատերերին թույլ է տալիս մասնակցել աուդիոչաթերին: Ներկայումս այն մասնավոր բետա-թեստավորում է անցնում, ինչը նշանակում է, որ այն դեռ մատչելի չէ Twitter-ի լայն լսարանի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում