Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Եղիշե Ալեքսանյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել եզրափակիչում՝ զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչին: Հայաստանի հավաքականը Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը մասնակցել է 11 մարզիկներով: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի խոսքով՝ Մ21 տարեկանների ԵԱ-ում արծաթե մեդալ նվաճելը նշանակալի արդյունք է. «Օլիմպիական կարատեում մրցակցությունը շատ բարձր է:

Մասնակից երկրների և մարզիկների թիվը բավականին մեծ է, իսկ նմանօրինակ արդյունք գրանցելը շատ դժվար է»: Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայկ Քառյանը (75 կգ). նա, սակայն, պարտվել է երրորդ տեղի համար մենամարտում: Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականն առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի, գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի և ավագ մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ:

Չեխիայում օրերս տեղի է ունեցել նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի կազմակերպած մրցավարական որակավորման քննությունը, որին մասնակցել է WKF B և EKF B կարգի որակավորում ունեցող մրցավար Արտյոմ Վասիլյանը: Գերազանց հանձնելով մրցավարական որակավորման քննությունները՝ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավարը ստացել է EKF A կարգի որակավորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում