Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը

Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը

Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը: Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքէջը։

Պրոֆեսոր Գաբրիելյանն ուսանել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժնում: 1982 թ. եղել է ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի լեզվահնչյունային կաբինետի վարիչը, 1988 թ. պաշտպանել է թեկնածուականը՝ միաժամանակ դասախոսելով ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնում, իսկ 1989 թ.՝ դոկտորական ատենախոսությունը: Շարունակել է իր գիտական գործունեությունն ինչպես հարազատ բուհում, այնպես էլ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում: 2004 թ. ԵՊՀ պրոֆեսոր է, եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1989-1991 թթ.), ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 009 խորհրդի անդամ (1998 թ.) 1999 թ. առ այսօր՝ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ:

Վաստակաշատ պրոֆեսորը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և սեմինարների (Գերմանիայի Մաննհայմի, Ֆրանկֆուրտի և Հայդելբերգի համալսարաններ (1999 - 2010 թթ.)):

Մեկ տասնյակից ավելի ուսումնական, մեթոդական ձեռնարկների, երկումենագրության և երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Մայր բուհը խորին ցավակցություններ է հայտնում Յուրիկ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, գործընկերներին և ուսանողներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում