Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, նրանք գյուղի մատույցներում են․ Արծրուն Հովհաննիսյան

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, նրանք գյուղի մատույցներում են․ Արծրուն Հովհաննիսյան

Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այս հարցին՝ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքը մի քանի անգամ շեշտել է, որ կոնկրետ գյուղերի, կոնկրետ դիրքերի, կոնկրետ մատույցների վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարենք այնպիսի եզրակացություններ և քննարկումներ, թե արդյո՞ք այս դիրքը, այս բլուրը, այս բնակավայրը վերահսկում ենք, թե՞ ոչ:

Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տաչածվող տեղեկություններին, ասաց, որ «Ադրբեջանը շատ բաներ է հայտնում: Ադրբեջանը հայտնում էր նաև Իլհամ Ալիևի բարձր ամբիոնից, որ ինքը վերաբնակեցնելու է Հադրութը կամ այցելելու է անձամբ Հադրութ»՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը ՀՀ ԶՈՒ-ի վերահսկողության տակ է:

Ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք թշնամու կիրառած զինատեսակների առումով հրադադարից հետո փոփոխություններ կան՝ Հովհաննիսյանն ասաց․

«Գրեթե չկան տարբերություններ: Միգուցե մի փոքր պակաս ինտենսիվությամբ կիրառվում է հրետանի: Բայց, օրինակ, ԱԹՍ-ների կիրառություննները գրեթե ոչնչով չեն տարբերվում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում