Բնակիչ չեն, խոտակեր են. Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցը չի հերքում՝ քաղաքին պատկանող մեքենայով գնում է խաղատուն

Բնակիչ չեն, խոտակեր են. Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցը չի հերքում՝ քաղաքին պատկանող մեքենայով գնում է խաղատուն

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բնակիչներ՝ հայտնելով, որ համայնքապետարանի աշխատակազմում առանձին գործառույթների խորհրդատու-համակարգող Մուշեղ Սուքիասյանը սեփական կարիքների համար է ծառայեցնում համայնքապետարանի Կանաչապատման բաժնին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ բնակիչների՝ Սուքիասյանն այն շահագործում է ոչ միայն աշխատանքային ժամերին, այլ նաև՝ դրանից դուրս: Վերջիններս այն պարբերաբար երեկոյան ուշ ժամերի նկատում են խաղատների դիմաց կայանած:

Քաղաքացիների բողոքների հիման վրա մենք կապ ենք հաստատել Մուշեղ Սուքիասյանի հետ: Վերջինս, լսելով մեր հարցադրումները, շատ բուռն արձագանքեց, մասնավորապես այն դիտարկումներին, որ համայնքի մի շարք բնակիչներ ահազանգել են, որ ինքը պետական նշանակության գույքն օգտագործում է անձնական կարիքների համար:

 

«Գրողները թող իրենց մասին մտածեն, թե ինչեր են արել ու ինչեր են անում, հետո նոր անցնեն իմ թեմաներին: Երբ որ իրենք կլինեն մաքուր, հալալ-զուլալ, ժողովրդական, մարդկային, էդ մարդ կուլ տվողները, նոր թող իմ մասին խոսեն»,- ասաց Սուքիասյանը, ապա փոքր-ինչ դադարից հետո սկսեց վիրավորանքներ հնչեցնել բնակիչների հասցեին. «Դրանք բնակիչ չեն, դրանք խոտակեր են, դրանցից ինչ բնակիչ: Իսկ ով որ նման բաներ է գրում, ընենց բաներ կանեմ իրանց հետ, իրանց անցյալից ու ներկայից: էսօր ըտենց դարձել են ժողովրդավար ու «բեսամթ» մտածում են էս քաղաքի մասին, հա՞: Մեքենան օգտագործում եմ, է՜, հա՜, ի՜նչ անենք՝ օգտագործում եմ, մեկ-մեկ էլ կօգտագործեմ, չի՞ լինի»:

 

Ըստ Սուքիասյանի՝ այնպես չԷ, որ մեքենան պետության համար՝ ծառայողական նպատակներով չի օգտագործվում. «Դա համայնքի համար էլ է օգտագործվում, հատուկ դեպքերում էլ քաղաքի մեջ ման եմ գալիս, հազար տեղ եմ գնում, տեղեր կա, որ պետք է նայվի, ուսումնասիրվի, արել են, չեն արել, ինչ պետք ա արվի: Ընենց չի՝ մեքենան պետության համար չի քշվում, հիմա ես ուզել եմ իմ համար էլ քշեմ, ի՞նչ ա եղել, բայց խի պետք ա չքշեմ, եթե ես դրա վրա ծախս էլ եմ անում: Այսինքն՝ ես իրավունք չունե՞մ քշել էդ մեքենան: Աշխատանքից հետո կարող ա մի անգամ էլ իմ համար քշեմ, ի՞նչ կլինի որ, ասենք՝ չե՞մ կարա իմ գրպանից լիցքավորեմ, քշեմ, էդ որ մի ծառայողական մեքենան հանրապետության մեջ չի քշվում»:

 

Մեր հարցադրմանը, որ մեքենան պարբերաբար ֆիքսում են խաղատան դիմաց, Սուքիասյանն արձագանքեց. «Հա, ի՞նչ անենք, ասենք՝ կարող ա պահի տակ գնացած լինեմ ընդեղ, ասենք, ենթադրենք, գնացել եմ: Ես ո՛չ խուսափելու ունեմ, ո՛չ էլ, իմ ցանկությամբ, ասենք, մտել էլ եմ, դուրս էլ եմ եկել, դա ի՞նչ կապ ունի մեքենայի, աշխատանքից դուրս ժամ լինելու հետ: Ես իրավունք չունե՞մ մի տեղ գնալու: Ես չեմ պատրաստվում հավասարվել դրանց մակարդակին, իջնել էդ «պլենդուզին»: Թող իրենք իրանց արածների մասին մտածեն, թե չէ Սուքիասյանը ուր կգնա, ոնց կգնա, երբ կգնա, դա իրենց գործը չի, իսկ եթե Սուքիասյանից ինչ-որ բան են ուզում, թող գան ասեն՝ սենց ա, կամ նենց ա»:

Հարցի առնչությամբ կապ ենք հաստատել նաև Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ: «Հայկական ժամանակ»-ի հարցադրմանը, որ տեղյա՞կ է արդյոք, որ համայնքապետարանի աշխատակիցը համայնքին պատկանող մեքենան անձնական կարիքների համար է ծառայեցնում, վերջինս ասաց. «Ձեզանից եմ լսում, որ նման բաներ կան, մեքենան ուրիշ նպատակով իրեն կոնկրետ որոշակի ժամկետով տվել են որոշակի գործառույթներ կատարելու համար, իսկ մնացածի մասով կհետաքրքրվեմ»:

 

Ճշտող հարցին՝ որպես համայնքապետ տեղյակ չի՞ եղել, որ մեքենան պարբերաբար նկատում են տեղի խաղատների դիմաց կայանված, Բալասյանը բացասական պատասխան տվեց:

 

Մյուս հարցադրմանը, թե օրենսդրությամբ նախատեսված կամ աշխատանքային պայմանագրով արդյոք նման իրավունք ունի՞ Սուքիասյանը, քանի որ նա պնդում է, թե այդ իրավունքն ունի, Բալասյանը շեշտեց, որ, իհարկե, չունի:

 

«Միայն աշխատանքային հարցերի համար է ծառայողական մեքենան: Ես այդ հարցերը կկարգավորեմ, կհետաքրքրվեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում»,- վստահեցրեց նա:

 

Նկատենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 134-րդ հոդվածով նախատեսվում է՝ պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում