Մինսկը պատրաստ է առավելագույնս կոշտ պատասխանել պատժամիջոցային ճնշմանը
Բելառուսը պատրաստ է առավելագույնս կոշտ պատասխան տալ իր նկատմամբ հերթական պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է БелТА-ն։
«Բելառուսը պատրաստ է առավելագույնս կոշտ պատասխանել եվրոպացի գործընկերների կողմից ցանկացած պատժամիջոցային ճնշման։ Պատժամիջոցների սահմանումը բացարաձակապես անթույլատրելի է։ Դա արդեն վաղուց պետք է հասկացած լինեին եվրոպացի քաղաքական գործիչները, ովքեր գտնվում են ԵՄ պետությունների ղեկին»,-նշել է Մակեյը։
Նրա խոսքով՝ Բելառուսը եվրոպական կողմի հայտարարությունները գնահատում է որպես բացարձակ չմտածված և խելահեղ, իսկ պատժամիջոցները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի ո՛չ մի, ոչ էլ մյուս կողմի համար։
Մակեյը նշել է, որ անհրաժեշտ է նորմալ՝ պատասխանատու, իրավահավասար, հարգալից երկխոսություն՝ ուղղված միգրացիոն խնդրի համալիր լուծմանը։
ԱԳ նախարարի հաղորդմամբ՝ Բելառուսը պատրաստ է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին հասանելիություն տրամադրել Լեհաստանի հետ սահմանային գոտի՝ իրադրությանը ծանոթանալու համար։
Կարծիքներ