Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակներում հետևել է նաև Վաղարշապատ-Մեծամոր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին, որի պայմանագրային արժեքը կազմել է 1 948 362 000 ՀՀ դրամ։
Այս մասին հայտնել են նախարարությունից։
Նշված հատվածում աշխատանքներն ավարտված են։ Մյուս հատվածներում աշխատանքները նախատեսվում է սկսել մոտ ժամանակներս։
Նախարարը ծանոթացել է նաև Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 149 միլիոն 900 հազար ՀՀ դրամ։
Նշված հատվածում կատարվում են հողային աշխատանքներ, եզրաքարերի հիմքերի կառուցման և տեղադրման աշխատանքներ, մայթերի սալիկապատման, արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին:
Հաջորդ կանգառը Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ավտոճանապարհն էր, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ կրկին ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` 284 337 600 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով։
Աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թ-ին։ Ներկայումս իրականացվում են կողնակների կառուցման և ճանապարհային պատվածքի մակերեսային մշակման աշխատանքներ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հունիսին:
Նախարարը ծանոթացել է նաև Նորապատի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգնման, մայթերի կառուցման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 440 միլիոն 100 հազար ՀՀ դրամ։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում և բարձր որակով։
Կարծիքներ