ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել։ Հոկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա ընդգծեց՝ հաշվառվածների թվի փոփոխություն կա. 20:00-ի դրությամբ այն կազմում է 94 724 անձ։ Ըստ տվյալների՝ գրեթե 95 տոկոսը հաշվառվել է:
«Այս նույնականացումը խիստ կարևոր է մեզ համար, որպեսզի հաջորդիվ բռնի տեղահանված մարդիկ ընդգրկվեն տարբեր սոցիալական ծրագրերում, որ իրականացնում է պետությունը։ Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն հասցրել հաշվառվել, անհրաժեշտ է դիմել համայնքային կենտրոններ: Ավելի քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում: Պատասխանատու անձանց տվյալներով մարդիկ կարող են կապվել և անցնել հաշվառման գործընթացը»,-ասաց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց, որ արդեն իսկ մեկնարկել է երկու գործընթաց. մեկը վերաբերում է միանվագ գումարների տրամադրմանը՝ 100 հազարական դրամներին, որոնք հատկացվելու են յուրաքանչյուր անձի, որ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների հետևանքով և մյուսը վերաբերում է բնակարանների վարձակալության գումարներին, որոնք հատկացվում են այն անձանց, որոնք չունեն սեփականություն ՀՀ-ում: Յուրաքանչյուր անձին տրամադրվում է 40 հազար դրամ և 10 հազար դրամ կոմունալ վճարումների համար:
Կարծիքներ