Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ 1995 թվականին Միջխորհրդարանական միությանը ՀՀ Ազգային ժողովի անդամակցությունից ի վեր ՀՀ խորհրդարանը մշտապես ակտիվորեն մասնակցել է կազմակերպության աշխատանքներին՝ կարեւորելով Միջխորհրդարանական միության դավանած սկզբունքներն ու համամարդկային արժեքները:

Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, տարբեր ոլորտներում կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միացել է «Այո երիտասարդությանը խորհրդարանում» Միջխորհրդարանական միության նախաձեռնությանը:

Զրույց է ծավալվել ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրականացվող բարեփոխումների, մշակվող օրենսդրության շուրջ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել միության աշխատանքներին ՀՀ ԱԺ ներգրավվածության համար՝ մասնավորեցնելով, որ Հայաստանի պատգամավորները եղել են կառույցի մշտական հաձնաժողովների բյուրոների, կին պատգամավորների բյուրոյի, հատուկ կոմիտեների անդամներ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում