Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ: Մենք հպարտ ենք, որ Դուբրովնիկ քաղաքի ամենահայտնի Սուրբ Վլասիի եկեղեցին կառուցվել է ծագումով հայ սուրբ հովանավորի պատվին»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Գործընկերներն արձանագրել են, որ հայ-խորվաթական հարաբերությունները հիմնված են փոխվստահության, հարգանքի և երկու երկրների միջև ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս մեր երկրների միջխորհրդարանական համագործակցությանը: Ընդգծվել է օրենսդիրների գործակցությունը բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

«Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության մասին՝ պետք է ասեմ, որ ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների իրականացմանն աջակցող հիմնական գործընկերներից է: Կարևորում ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը և այս հարցում ապավինում ձեր աջակցությանը ևս»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատվիրակների խնդրանքով՝ ծավալուն զրույց է ընթացել Լաչինի միջանցքի ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների վերաբերյալ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների շրջափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար աղետի վերահաս վտանգի առաջ: Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից և պատանդներից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված և ձերբակալված անձանց, ավերում կամ յուրացնում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում