Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական և մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական և մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը. «Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. սա ցույց է տալիս մեր գործընկերության որակն ու այն ներուժը, որը կարելի է օգտագործել»:
Առանձնացնելով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը՝ նախարարն անդրադարձել է Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության ու վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հուշաթերթի ստորագրմանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնություններն ու շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ շարունակական աշխատանքի և համագործակցության համար:
«Այս օրերին դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցը: Կարծում ենք՝ այս առումով միջազգային գործիքակազմի և ջանքերի լրջագույն կարիք կա: Ընդ որում՝ խնդիրը վերաբերում է թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի տարածաշրջան միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, որը կկարողանա տեղում արձանագրել հուշարձանների հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ԼՂ-ում վտանգված են 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ:
Ըստ նախարարի՝ 2020-ից ի վեր չի հաջողվում ԼՂ ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է՝ խնդրի միջազգային տեսանելիությունն ու իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ոչ նյութական հարուստ մշակութային ժառանգության պահպանության հարցը ևս լրջագույն խնդիր է առաջացնում, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն այժմ բնակություն են հաստատել ՀՀ տարբեր մարզերում:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ նշելով, որ առկա են հաջողված ծրագրեր, իսկ արդյունքներն առավել, քան տեսանելի են: ԿԳՄՍ նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցությունը. «Նախորդ շաբաթ նշեցինք փոխանակման հաջող ծրագրերից մեկի՝ FLEX-ի 30-ամյակը, որն ավելի քան 1000 մասնակիցների կյանքում ունեցել է կարևոր որակական ազդեցություն: Կարևորում եմ նաև ներառական կրթության մասով մեր համագործակցությունը, որտեղ շատ կարևոր արդյունքներ ունենք: Կարծում եմ՝ առկա են հիանալի նախադրյալներ այս բոլոր ուղղություններով մեր աշխատանքները շարունակելու համար»:
Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փաստել՝ մեր երկիր իր վերջին այցից հետո մի շարք փոփոխություններ և դրական միտումներ է նկատում:
«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն էականորեն ընդլայնվել է: Այդուհանդերձ, դրանց զարգացման համար առկա է շատ ավելի մեծ ներուժ»,- ասել է Ռաֆիկ Մանսուրն ու կարևորել համատեղ իրականացվող կրթական ու մշակութային մի շարք ծրագրեր:
Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել է՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է հայ լրագրողների համար նախատեսված նոր փոխանակման ծրագրի մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելելու Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները՝ ընդգծելով՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով առանձնակի ընդգծվում է մեդիագրագիտության դերը, և սա վստահաբար կնպաստի որակյալ մեդիադաշտի և մասնագիտական կրթության ապահովմանը:
Կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ջանքերի համատեղումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համատեղ ծրագրային նախաձեռնությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Կարծիքներ