Վենետիկի կառնավալը սկսվել է

Վենետիկի կառնավալը սկսվել է

Վենետիկի կառնավալը սկսվել է։ Ինչպես նշված է միջոցառման պաշտոնական կայքում, ծրագրի առաջին միջոցառումները կսկսվեն շաբաթ օրը։ Կառնավալը կտեւի մինչեւ մարտի 1-ը, երբ այս տարի կաթոլիկական օրացույցով նշվում է «չաղ երեքշաբթին»՝ Զատկին (ապրիլի 17) նախորդող Մեծ Պահքից առաջ։

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին պարզաբանել են կառնավալի կազմակերպիչների մամուլի ծառայությունից, այս տարի համաճարակաբանական իրավիճակի պատճառով կենտրոնական իրադարձություններ, ինչպիսիք են Սբ․ Մարկի հրապարակում զանգակատնից «Հրեշտակի թռիչքը», Մարիաների երթը, ջրային շոուն եւ Մեծ ջրանցքում գոնդոլների շքերթը, տեղի չեն ունենա։ «Այս տարի նախատեսված են փողոցային ներկայացումներ բաց տարածքներում, իսկ ծրագիրն ինքնին կենդանի կատարումները համատեղում է առցանց միջոցառումների հետ»,- ասել են մամուլի ծառայությունից։ Նրանք նաեւ հիշեցրել են, որ անցյալ տարի, համավարակի հետ կապված խիստ սահմանափակումների պայմաններում կառնավալն ամբողջությամբ առցանց ձեւաչափով է անցկացվել։

Այս տարի կառնավալի թեմա է ընտրվել «Հիշել ապագան» արտահայտությունը, որի համար հիմք են հանդիսացել Սալվադոր Դալիի «Բոլորից լավ ես եմ հիշում ապագան» խոսքերից։ «Կառնավալը սյուռեալիստական խաղ է՝ ցանկացած տրամաբանությունից դուրս։ Ապագան հիշելը պարադոքս է, բայց հենց դա է համահունչ կառնավալի ոգուն»,- ասվում է կազմակերպիչների պարզաբանման մեջ: «Ես մտածել եմ մեր ապագայի, մեր քաղաքի ապագայի մասին, որը շնչում է անցյալով, որն էլ նոր կյանք է ծնում։ Այս վայրը լի է հակասություններով, այստեղ իրականությունը միաձուլվում է երազի հետ»,- տոնի հայեցակարգն է պարզաբանել կառնավալի գեղարվեստական ղեկավար, «Լե Ֆենիչե» թատրոնի սցենարիստ Մասիմո Կեկետտոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում