Թաիրովի դպրոցում 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինծառայողների անունը կրող ինժեներական լաբորատորիա է բացվել
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը:
Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող «Խորը ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագրի շրջանակում՝ լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանի, Հայ կրթական հիմնարկության և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ:
Ողջունելով կրթական կարևոր իրադարձության մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել հերոսների ընտանիքների անդամներին, խոնարհումը՝ նրանց զավակների հիշատակին, ապա շնորհավորել է բոլորին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին:
«Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, և անչափ կարևոր է հենց կրթօջախում համարժեք գիտելիքներ ստանալը: Ես համոզված եմ, որ ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ մեր ավագ դասարանների աշակերտների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Իսկ լաբորատորիայում այսօր ստացած գիտելիքը նրանք վաղը հարաբերական և ուղիղ իմաստով դարձնելու են պաշտպանական զենք և ինքնաիրացման փայլուն հնարավորություն»,- իր խոսքում նշել է մարզպետը:
Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրումը և աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն: Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի 10-րդ և 11-րդ դասարանի այն աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փոր՝ձ ծրագրային ճարտարագիտության, մեքենայական ուսուցման, մեքենաշինության, 3D մոդելավորման, ճշգրիտ մեքենաների գործարկման և մի շարք այլ ուղղություններով:
Դասընթացի շրջանակներում դասավանդելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները, իսկ մասնակիցներն ընտրվելու են մաթեմատիկայի և տրամաբանության գրավոր թեստի և հարցազրույցի միջոցով:
Կարծիքներ